Եգիպտոսում լուսաֆորներ կան միայն մեծ քաղաքներում, բայց դրանց էլ որևէ մեկն ուշադրություն չի դարձնում, վարորդները կարիք չունեն համապատասխան քննություն հանձնելու, քանզի գոյություն չունեն նաև ճանապարհային երթևեկության նշաններ, իրավացի է այն վարորդը, ու ավտոմեքենան ավելի մեծ է:
Հայաստանի Հանրապետությունում գործում են ինչպես լուսաֆորներ, այնպես էլ ճանապարհային երթևեկության նշաններ:
«17 տարին լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված սահմանափակումներ չունեցող անձինք կարող են համապատասխան ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:
«A», «B» և «C» կարգերի, ինչպես նաև «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք:
Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:
Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:
Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:
Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած ճանապարհներին:
Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:
Աղբյուրը` Իրավաբան.net