Ե՞րբ է իրավասու ՀՀ դատարանը քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր

Հաճախ է պատահում, որ քաղաքացիաիրավական հարաբերության մի կողմը լինում է օտարերկրյա քաղաքացի: Նման դեպքերում, երբ վեճ է առաջանում և այն այլ կերպ, քան դատական կարգով, լուծելու հնարավորությունը բացակայում է, հարց է առաջանում` արդյոք դատարանն իրավասու է քննել քաղաքացիական գործը, որի մի կողմն օտարերկրյա քաղաքացի է կամ իրավաբանական անձ:

 

«Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Իրավաբանի խոսքով` Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե`

 

1) այդ մասին առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ իրավաբանական անձի և օտարերկրյա անձի միջև համաձայնություն.

 

2) պատասխանողը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գույք.

 

3) ապահարզանի վերաբերյալ գործով` ամուսիններից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

 

4) առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի վերաբերյալ գործով վնասը պատճառվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.

 

5) գույքին պատճառված վնասը հատուցելու գործով վնասի հատուցման պահանջը ներկայացնելու համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում.

 

6) օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

 

7) հայցը բխում է պայմանագրից, որով կատարումը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում.

 

8) հայցը բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած անհիմն հարստացումից:

 

Դատարանի կողմից քննության ընդունված գործը լուծում է դատարանն ըստ էության, թեկուզև վարույթի ընթացքում գործին մասնակցող անձանց գտնվելու վայրը փոխելու կապակցությամբ կամ այլ հանգամանքներով այն ընդդատյա է դարձել այլ պետության դատարանին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել