Պատժի նպատակը հանցագործի ուղղումն է և սոցիալական վերականգնումը:
ՀՀ քրեական իրավունքում պատիժները դասակարգվում են երկու մասին` հիմնական և լրացուցիչ:
Տուգանքը, հանրային աշխատանքները, կալանքը, կարգապահական գումարտակում պահելը, որոշակի ժամկետով ազատազրկումը և ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ:
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և´ որպես հիմնական, և´ որպես լրացուցիչ պատիժ:
Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, ինչպես նաև գույքի բռնագրավումը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ:
«Պետք է նկատի ունենալ, որ մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին քրեական օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում. Գույքի բռնագրավումը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել միայն քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
Աղբյուրը` Իրավաբան.net