ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
Նշված հոդվածի բովանդակությունն արտացոլված է նաև ՀՀ դատական օրենսգրքի 23-րդ հոդվածի 4-րդ մասում:
Այս պարագայում, դատարանի կայացված վճռին հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ տալը պետք է պայմանավորված լինի վերը նշված հոդվածով սահմանված հետևանքներից խուսափելու հետ, ինչն էլ պետք է հիմնավորվի կողմի կամ դատարանի կողմից:
Աղբյուրը` Իրավաբան.net