Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ դրանք սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու և ուղղակի վաճառքի դեպքերի, կատարվում է աճուրդով:
Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հայտարարում է համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու որոշման հիման վրա:
Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հողային օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հրապարակային սակարկությունների միջոցով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (դրանց առանձին հատվածների) աճուրդով վաճառքի նկատմամբ չեն կիրառվում այն սահմանափակումները, ըստ որոնց` սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները), կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաև մրցութային հանձնաժողովի անդամները:
Աղբյուրը` Իրավաբան.net