Դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, գործի քննության տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), վեճի առարկան:
Վճռի ներածական մասում պետք է նշվի նաև կողմերի` քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը: Պատասխանողի վերաբերյալ նշված տեղեկությունները կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները:
Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի հայցադիմումի, դրա պատասխանի, գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների համառոտ շարադրանքը:
Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:
Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ յուրաքանչյուր հայցապահանջը բավարարելու կամ մերժելու, ինչպես նաև նշում` վճիռը բողոքարկելու ժամկետի և կարգի մասին:
Սկզբնական և հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու դեպքում վճռի եզրափակիչ մասում նշվում է հաշվանցի արդյունքում բռնագանձվող գումարը:
Գործարքն անվավեր ճանաչելիս դատարանը պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշել գործարքի անվավերության հետևանքները:
Վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը: Վճռի եզրափակիչ մասում պարտադիր նշվում է նաև, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Եթե դատարանը սահմանում է վճիռը կատարելու կարգը կամ միջոցներ է ձեռնարկում դրա կատարումն ապահովելու համար, այդ մասին նշվում է վճռի եզրափակիչ մասում:
Աղբյուրը` Իրավաբան.net