Քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում` ժամը 8.00-ից մինչև 20.00-ն, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Օրինակ` դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները քվեարկում են էլեկտրոնային եղանակով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետներում:
Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:
Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով:
Քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա լինել նաև վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն:
Աղբյուրը` Իրավաբան.net