Ընտրական հանձնաժողովի անդամը

Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:

Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են նաև զորահավաքից:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը կարող է կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն աշխատում է մշտական հիմունքներով: Նա չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, զբաղվել քաղաքական գործունեությամբ:

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն աշխատում է մշտական հիմունքներով: Նա չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ:

 

Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալու հանձնաժողովի նիստերում, ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալու հարցեր և ստանալու պատասխաններ:

 

Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները:

 

Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` այդ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ, համապատասխանաբար պարտավոր են կամ կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա լինել քվեարկության սենյակում:

 

Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների իրականացման նպատակով սեփական նախաձեռնությամբ ազատվում են ծառայողական պարտականություններ կատարելուց:

 

Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները:

 

Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:

 

Ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի իր մասնակցած առաջին նիստում հրապարակայնորեն ընթերցում և ստորագրում է պարտավորություն «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին», որը կցվում է ընտրական հանձնաժողովի գրանցամատյանին: Նշված պարտավորության տեքստը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել