Արդար դատաքննության իրավունքը ժողովրդական հասարակությունում

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմաբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

 

ՀՀ Սահմանադրության 42 հոդվածն ընդգծում է, որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ: Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչ արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

 

Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա 6-րդ հոդվածի 1-ին կետի ու «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի` բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

 

Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

 

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

 

Վերոգրյալ միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ անձի դատական պաշտպանության իրավունքն ունի ներպետական` սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն, որտեղ կարևորագույն սկզբունք է համարվում արդար դատաքննության իրավունքի ապահովումը, որը կատարվում է ժողովրդավարական հասարակությունում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել