Փորձաքննություն նշանակելը վարչական գործի քննության ընթացքում

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 36 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է՝

 

1) նշանակել փորձագետ, ընդ որում, դատարանը փորձագետի նշանակման հարցում նախապատվություն է տալիս այն փորձագետին, որի թեկնածության վերաբերյալ համաձայնվել են կողմերը կամ

 

2) սահմանել փորձագետի նշանակման կարգ, որով փորձագետի նշանակումը կհանձնարարի կողմերին կամ որևէ մասնագիտացված հաստատության՝ վերջինիս համաձայնությամբ: Պետական փորձագիտական հաստատությունների համաձայնությունը ենթադրվում է:

 

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` փորձագետ նշանակելիս դատարանը պետք է փորձագետին նախազգուշացնի ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ կազմվում է փորձագետի կողմից ստորագրված գրավոր արձանագրություն:

 

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու կամ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում: Փորձաքննության նշանակումը մերժելու մասին դատարանի որոշումը պետք է պարունակի մերժման հիմքերը, իսկ 7-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ դատարանը նշում է`

 

1) փորձագետին նշանակելու հիմքերը.

 

2) փորձագետի անունը կամ փորձագիտական հաստատության անվանումը, որը պետք է փորձագետ նշանակի.

 

3) փորձագետին առաջադրված հարցերը.

 

4) փորձագետին հանձնվող նյութերը.

 

5) փորձաքննության անցկացման և եզրակացությունը դատարան ներկայացնելու ժամկետները, եթե որևէ հարցի վերաբերյալ եզրակացության հանգելու համար փորձագետին անհրաժեշտ է նախապես փորձաքննություն իրականացնել որոշակի ուսումնասիրության, համեմատության, փորձերի կամ այլ հետազոտման եղանակով.

 

6) նախազգուշացում` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:

 

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադառնալով փորձաքննության նշանակմանը, արձանագրել է, որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության բավարարման կամ մերժման հարցը լուծելիս դատարանը պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյոք ներկայացված միջնորդությամբ նշանակվող փորձաքննության արդյունքում կարող է պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստ: Նման տրամաբանությամբ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար դատարանը պետք է պարզի, թե արդոք այդ փաստի հաստատումը չի պահանջում հատուկ գիտելիքների կիրառում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել