Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք:
Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
Թեկնածուներին, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները գրանցելուց հետո` 5-օրյա ժամկետում, գրանցում իրականացրած ընտրական հանձնաժողովը թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:
Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովի անդամները:
Աղբյուրը` Իրավաբան.net