«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Այս արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ»- Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում ՀՀ տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած` ՀՀ-ում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած ՀՀ քաղաքացիները (այսուհետ՝ քաղաքացի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նախկինում մշտական բնակության վայր չունեցած քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում հաշվառվում են որպես մշտական բնակիչ և մաքսային մարմիններին են ներկայացնում ՀՀ-ում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը (կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթը):
Ընդ որում, ՀՀ տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած քաղաքացիները մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելիս մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաև
1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքներին համապատասխան` օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` քաղաքացու անձնագիրը` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության «Վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով, և (կամ)
2. օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն:
Փաստաբանի խոսքերով. «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում»:
Աղբյուրը` Իրավաբան.net