Դիտորդության դերն ընտրությունների ժամանակ

Ընտրությունների բնականոն ընթացքի նկատմամբ հսկողություն իրականացնելու հնարավորություն ունեն նաև դիտորդները: Նրանց դերը բավական մեծ է ընտրական խախտումների հայտնաբերման, արձանագրման, ինչու չէ, նաև վերացման դեպքերում:

 

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

 

1) միջազգային կազմակերպությունները.

 

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.

 

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:

 

Միջազգային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

 

Նշված կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`

 

1) Հանրապետության Նախագահը.

 

2) Ազգային ժողովի նախագահը.

 

3) վարչապետը.

 

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

 

Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ զեկույցները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել