Եվրոպական դատարանի ինչպես վճիռները, այնպես էլ գանգատների ընդունելիության կամ անընդունելիության մասին որոշումները պետք է բազմակողմ պատճառաբանվեն և հիմնավորվեն ամենայն խորությամբ:
«Գործի քննության արդյունքով կայացված վճիռները, որպես կանոն, բավականին ծավալուն և բարդ փաստաթղթեր են, որոնցում վերլուծվում և ամրագրվում են քննարկվող հարցերին առնչվող բոլոր հանգամանքները»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի «Հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս խոսքով` եթե վճիռն ամբողջությամբ կամ մասամբ չի արտահայտում դատավորների միանձնյա կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք: Ընդ որում, հատուկ կարծիքի հեղինակի արտահայտած հարցադրումները և հիմնավորումները կարող են համընկնել կամ չհամընկնել վճռում արտահայտված դիրքորոշմանը:
Բացի այդ, հատուկ կարծիքի հեղինակը կարող է նաև պարզապես հայտարարել, որ ինքը համաձայն չէ վճռին`առանց իր դիրքորոշման հիմնավորման:
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, ապա պետք է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն ունեն պարտադիր իրավաբանական ուժ: Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները պարտավոր են կատարել բոլոր այն գործերի վերաբերյալ դատարանի վերջնական վճիռները, որոնցում նրանք կողմեր են:
Մասնավորապես` կողմերը պարտավոր են`
1. վճարել Եվրոպական դատարանի վճռով նախատեսված արդարացի փոխհատուցում.
2. ի շահ դիմումատուի իրականացնել անհատական միջոցառումներ, մասնավորապես վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցող վիճակը.
Եվրոպական դատարանի վճիռները շատ հաճախ պետություններին պարտավորեցնում են արդարացի փոխհատուցում վճարել տուժողին պատճառված նյութական վնասի համար:
Աղբյուրը`Իրավաբան.net