Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով կարգավորվում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները։ Ուսումնասիրվել է այդ համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումները փոփոխելու հարցերը կարգավորող իրավական դաշտը։ Հայտնում են Կառավարությունից:
Որոշմամբ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը փոփոխվում է` նպատակ ունենալով գործարար միջավայրի բարելավման համատեքստում բարելավել և պարզեցնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ Մասնավորապես, Ջրամատակարարի կայքում տեղադրվելու են համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումների փոփոխության համար գրավոր դիմումի օրինակելի ձևը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, պայմանագրերի օրինակելի ձևերը և այլն։ Այդպիսով կբարձրանա հանրային իրազեկվածությունը, կպարզեցվեն գործարար հարաբերությունները, կկրճատվի ծառայության ստացման համար ծախսվող ժամանակը և այլն։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կբարելավվեն ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պայմանները, կկրճատվեն ութ բիզնես գործընթաց, արտոնագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը, որոշում կայացնելու ժամկետը։
Կառավարության հավանությունն է ստացել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է վերացնել ոլորտում գործունեություն ծավալելու համար տրվող երեք արտոնագիր, էականորեն կրճատել ռադիոհաճախականությունների օգտագործման, համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության տրամադրման փաստաթղթերը։
Վերը նշված ջրամատակարարմանը վերաբերող որոշման և օրենքների նախագծերը կառավարության քննարկմանն է ներկայացրել կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը` ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ։ «Այս երեք նախագծերը բավական բուռն քննարկում են անցել,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Այժմ մենք պետք է զեկուցող Արմեն Եղիազարյանին լիազորենք, որպեսզի նա Ազգային ժողովում ներկայացնի նոր օրենսդրական նախաձեռնությունները։ Դրանց նպատակն է գիլյոտինի միջոցով վերացնել ավելորդ քաշքշուկը»։ Վարչապետը նաև հանձնարարել է լրատվամիջոցներին ներկայացնել կենտրոնի գործունեության առաջին արդյունքները։
Գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծի փաթեթը, որով առաջարկվում է առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակը հաշվարկել փաստացի վճարվող աշխատավարձերից։
Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել այն ընկերությունները, որոնք առավել անհրաժեշտ են պետությանը` իր առջև դրված խնդիրների իրականացման համար։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Աղբյուրը` Իրավաբան.net