Ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան՝ ստանալու վճարման կարգադրություն:
Վճարման կարգադրություն ստանալու հայցադիմումը, ի լրումն օրենքով հայցադիմումին ներկայացվող պահանջների, պետք է նաև ներառի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մասին:
Հայցադիմումին պետք է կցվի բռնագանձումը հիմնավորող վարչական ակտը:
Դատավորը հայցադիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, կարող է`
1) արձակել վճարման կարգադրություն.
2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը կամ մասամբ մերժել այն` մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:
Պատասխանողը կարող է վճարման կարգադրությունն ստանալու օրվանից հետո` 2 շաբաթվա ընթացքում ներկայացնել հակընդդեմ հայց:
Դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է:
Եթե դատարանը պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումն ստանալու օրվանից կամ պատշաճ ծանուցումից հետո` 2 շաբաթվա ընթացքում, դատարանը հակընդդեմ հայց չի ստանում, ապա վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:
Դատարանը հայցվորի պահանջով վճարման կարգադրության մասին հայցադիմումի հիման վրա տալիս է կատարողական թերթ:
Աղբյուրը` Իրավաբան.net