Վարչական իրավախախտումների համար նշանակվում է վարչական տույժ:
Իսկ ի՞նչ ժամկետում կարող է այն նշանակվել:
«Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում, որ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:
Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Աղբյուրը` Իրավաբան.net