Վճարված պետական տուրքը կարող է նաև վերադարձվել, եթե կան օրենքով սահմանված հիմքեր: Օրենքի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`
ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.
բ) դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաև նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.
գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը.
դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը գանձել են պետական տուրքը, գործի քննության ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.
ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցը բավարարելու դեպքում.
զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.
է) մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տևական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը.
ը) անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության ակտի գրանցման փոխարեն մուծված պետական տուրքը, եթե գրանցումը չի կատարվել ամուսինների հաշտվելու կամ նրանցից որևէ մեկի չներկայանալու պատճառով.
թ) քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով վավերացված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում.
ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումը բողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից անվավեր ճանաչելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է փորձաքննության որոշումն ընդունումից հետո ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքերով.
ժա) Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքերը` մինչև մեկնելու թույլտվություն ստանալը արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում:
Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար նախատեսված և վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարողի կողմից, պետական տուրք գանձող մարմնի սահմանած կարգով, կարող են օգտագործվել նույն մարմնի կողմից այլ գործողություն կատարելու կամ ծառայություն մատուցելու համար, եթե վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարված են այն հաշվին, որին վճարվում են տվյալ գործողության կատարման կամ ծառայության մատուցման համար սահմանված պետական տուրքի գումարները:
Աղբյուրը` Իրավաբան.net