Մեր երկրում չափազանց կարևոր են սեզոնային աշխատանքները: Բնակչության մի մասը, որպես կանոն, ներգրավված է լինում սեզոնային աշխատանքներում, այն հանդիսանում է տարվա ապրուստը հոգալու հիմնական միջոց: Ըստ սոցիոլոգիական հետազոտությունների` սեզոնային աշխատանքներում ներգրավվում են նաև մեծ թվով երիտասարդներ, անչափահասներ:
Օրենսդրության համաձայն` սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:
Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ցանկում ընդգրկված աշխատանքներից նշենք մի քանիսը`
1. Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային ուղիների ձյունամաքրման աշխատանքներ.
2. Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ.
3. Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ.
4. Անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ` տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում.
5. Ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված` ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ:
Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը` նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց:
Աղբյուրը` Իրավաբան.net