Ամեն անգամ Ռուբինա Չարչօղլյանին անհիմն պատճառաբանություններով մերժում են

Ռուբինա Չարչօղլյանը ծնվել է 1962թ. Լենինական քաղաքում:

 

1972թ. մայրը որպես վաստակավոր մանկավարժ և բամազավակ մայր ստացել է Լենինականի Քաղաքային Սովետի գործկոմի բնակարանների հաշվառման և բաշխման բաժնից թիվ 17 օրդերը ք. Գյումրի Թբիլիսյան Խճուղու 45 շենք, 17 բն. 4 սենյականոց բնակարանը: Յոթ անձից բաղկացած ընտանիքով մինչև երկրաշարժը բնակվել են վերը նշված հասցեում, իսկ արդեն 1988թ. աղետալի երկրաշարժի հետևանքով վերը նշված բնակարանը փլվելուց հետո մնացել են անօթևան:

 

Արդեն 24 տարի է անցել աղետալի երկրաշարժից հետո, իսկ այդ տարիների ընթացքում իրենց ընտանիքի թիվը պակասել է: 24 տարի թափառական ապրել են` հարևան-բարեկամ, ընկեր-ծանոթ և այն բարեգութ մարդկանց կողմից առաջարկված օթևանում:

 

Ապրել են ժամանակավոր կացարանում, որտեղ կոմունալ հարմարություններ չեն եղել և, նման ապրելակերպին չդիմանալով, 1994թ ձմռանը մահացել է մայրը:

 

2004թ. քանդել են բնակությանը ոչ պիտանի ժամանակավոր կացարանը և քաղաքապետարանից վերցրել տնակի քանդման ակտ:

 

Մեծ եղբայրը 1996թ. մահացել է դժբախտ պատահարից, փոքր եղբայրը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի ինչ-որ չափով կարողանալ օգնել և թեթևացնել ընտանիքի հոգսը և 2007թ. ձմռանը սրտի կանգից եղբայրը մահացել է Ռուսաստանի Դաշնությունում: Մյուս եղբայրն էլ այս դժվարին պայմաններից ելնելով ևս մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա քաղաք ընտանիք կազմել և միչև հիմա բնակվում է այնտեղ:

 

1988թ. դեկտեմբերին Ռուբինայի հարսանիքի օրն էր, որը չկայացավ, քանզի դեկտեմբերի 7-ին փլուզվեց ամեն ինչ:

 

Հայրը նույնպես մեկնել է Հայաստանից, որովհետև հոգնել էր պայքարել բարեկեցիկ ու ամենատարրական կենցաղային պայմաններ ունենալու համար և ստացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, իսկ Ռուբինան պայքարում է մինչև օրս: Նշեմ, որ վերջինս միայնակ մայր է, 2-րդ կարգի հաշմանդամ, գործազուրկ, բայց դեռևս հույսով լի է, որ ի վերջո 24 տարի պայքարից հետո կունենա բնակարան և տղայի հետ կապրի նորմալ կենցաղային պայմաններում: Տղան 17 տարեկան է, շուտով մեկնելու է հայրենիքը պաշտպանելու: Ունի նաև աղջիկ, ով ամուսնացել և գնացել է հայրական տնից:

 

Սահմանված կարգով` 2008թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատված երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում 5 անձով` Ռուբինա Չարչօղլյանը, նրա դուստրը, որդին, քույրը և քրոջ դուստրը հաշվառված են երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 2ա, թիվ 45 շենքի 17 բն. հասցեում գտնվող բնակարանի դիմաց` 3 սենյականոց բնակարան ստանալու համար /թիվ 374/: Ըստ էության շատ վաղուց պետք է ապահոված լինեին բնակարանով… Արդեն հոգնել է անվերջ պայքարելուց: Ներկա պահին ապրում է բարեկամ-հարազատի, ընկերուհի-հարևանի մոտ, իսկ առողջության խնդիրներից ելնելով ժամանակ առ ժամանակ նաև հիվանդանոցում:

 

Ի պատասխան իր կողմից ՀՀ քաղաքաշինությանն ուղղված դիմումների 25.06.2012թ. ստացել է գրություն, որ փաստաթղթային փաթեթի ուսումնասիության և քննարկման արդյունքում Գյումրի քաղաքում ներկայումս իրականացման փուլում գտնվող բնակապահովման ծրագրի շրջանակներում վերջինիս ընտանիքն արդեն 3 անձով, քանի որ քույրը և դուստրը մեկնել և բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, ճանաչվել են 2 սենյականոց բնակարանի շահառու:

 

Ամեն անգամ Ռուբինա Չարչօղլյանին անհիմն պատճառաբանություններով մերժում են, լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում, ուղարկում է, սակայն հետագայում պարզվում է փաստաթուղթը չգիտես ինչու անհետանում է:

 

Ներկա պահին այս ընտանիքի հարցը դեռևս քննարկվում է, դարձյալ պահանջել են` Ռուբինա Չարչօղլյանի խոսերով ինչ -ինչ հանգամանքներում անհետացած փաստաթղթերը:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել