Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք

Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք: Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ մինչև 18 տարեկան անձինք դեռևս գտնվում են ձևավորման փուլում:

 

 

Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պարբերաբար ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

 

Վերը նշված արարքները, որոնք`

 

1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

 

2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել