Հաճախ քննարկումների ու վեճերի տեղիք է տալիս այն հարցը, թե արդյոք իրավաբանական անձը կարող է ենթարկվել պատասխանատվության:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածը սահմանում է, որ «Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:
«Նշված հոդվածների վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական իրավախախտման ու տույժի նշանակման համար հիմնական հատկանիշ է մասնավորապես մեղքը, այսինքն` արարքի սուբյեկտիվ կողմը, անձի հոգեբանական վերաբերմունքը կատարված արարքի նկատմամբ: Այդ հոգեբանական վերաբերմունքը կարող է դրսևորվել երկու ձևով՝ դիտավորությամբ և անզգուշությամբ: Եվ քանի որ հոգեբանական վերաբերմունք կարող է ունենալ միայն ֆիզիկական անձը, ուրեմն և վարչական պատասխանատվության սուբյեկտ կարող է լինել միայն ֆիզիկական անձը»- Իրավաբան.net-ին հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը, իր որոշումներում ամրագրելով, որ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ (քաղաքացիական գործ թիվ 3-1787, քաղաքացիական գործ թիվ 3-1698(ՏԴ)):
Աղբյուրը` Իրավաբան.net