Օրենք՝ հոգեբանի գործունեության մասին

Մի շարք զարգացած երկրներում գոյություն ունեն հոգեբանի օրենսգրքեր, որոնք կանոնավորում են հոգեբանի մասնագիտական գործունեությունը: Այդ օրենսգրքերը կազմավորող պահանջների և ստանդարտների, այլ կերպ ասած՝ չափանիշների խախտումը կարող է բերել հոգեբանին որակավորումից, դիպլոմից, հոգեբանական ծառայություններ իրականացնելուց զրկելուն:

 

Նման օրենսգրքերի պարտադիր բովանդակությունը հանդիսանում են համընդհանուր բնույթ ունեցող մի շարք առավել կարևոր պահանջները և սկզբունքները, որոնց պահպանումը հանդիսանում է հոգեբանի գործունեությունը:

 

«Հոգեբանի օրենսգրքերում սահմանված են նաև հոգեբանի գործունեության վերաբերյալ արգելքներն ու սահմանափակումները:

 

Մասնավորապես հոգեբանը չի կարող վնասել անձի հոգեկանը: Հոգեբանը պետք է հարգի իր այցելուների կրոնական և բարոյական համոզմունքները և հաշվի առնի դրանք՝ մասնագիտական ներգործության համար անհրաժեշտ հարցումների ժամանակ, հոգեբանը չպետք է օգտագործի իր մասնագիտության ընձեռած իշխանությունն ու գերակայությունը այցելուի նկատմամբ, որպեսզի որևէ արտոնություն կամ առավելություն չստանա ինքը կամ երրորդ անձը (հոգեբանական գործունեությունում առկա «կոռուպցիոն ռիսկեր») և այլն»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

 

Վերջինիս խոսքով ՝ ներկայումս ՀՀ-ում չկա նման օրենսգիրք, իսկ առկա օրենսդրության մեջ դժվար է գտնել մի նորմ, որն առանձին պատասխանատվություն կսահմաներ հոգեբանի կողմից իր գործունեության ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ, և որը կկանոնակարգեր հոգեբանի գործունեությունը:

 

Կարծում ենք, եթե առկա է առանձին պատասխանատվություն բժիշկների համար՝ անձի առողջությունը վնասելու համար, ուստի պետք է լինի նաև հոգեբանների համար՝ անձի հոգեկան առողջությունը վնասելու համար, քանի որ վերջինս ոչ պակաս կարևոր է, թեև ապացուցելը դժվար: Ի վերջո՝ հոգեբանի թույլ տված սխալի պատճառով մարդ կարող է անվերադարձ կորցնել իրեն, ինչպես նաև կոդավորվել՝ դառնալով գործիք հոգեբանի ձեռքերում, ընդ որում առանց ձեռք բերելու հոգեկան հիվանդություն:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել