Վարչական դատավարության շրջանակներում ներկայացվող 4 հայցատեսակներից մեկն էլ հանդիսանում է ճանաչման հայցը:
Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող ներկայացնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց: Ճանաչման հայցով կարող է պահանջ ներկայացվել ճանաչելու վարչական ակտի առոչինչ լինելը:
«Ճանաչման հայց անհրաժեշտ է ներկայացնել բոլոր այն դեպքերում, երբ անձը մտադիր է պահանջել գույքային վնասների հատուցում, որը նրան պատճառվել է ոչ իրավաչափ վարչական ակտի արդյունքում»,-Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Աղբյուրը` Իրավաբան.net