Հունվարի 19-ին Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպության ներկայացուցիչներ ստորագրեցին հինգ նոր դրամաշնորհային պայմանագիր:
ԵՄ նոր 5 ծրագրերից մեկն էլ «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» նախաձեռնությունն է:
Այն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի և Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի կողմից: Ծրագրի նպատակն է օգնել հայ բնակչությանը՝ հատկապես մարզերում, մեծացնել ազգային բյուջեի, պետական ծախսերի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը և իրազեկել կառավարության կողմից բյուջեի անարդյունավետ ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ստանալու իրենց իրավունքների մասին:
390,000 հազար եվրո ընդհանուր բյուջեով (ԵՄ ներդրումը՝ 343,200 եվրո) 20 ամիս տևողությամբ ծրագիրը կառաջարկի դասընթացներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդ լրագրողների համար: Դասընթացների մասնակիցները կսովորեն ինչպես ստեղծել և տարածել մատչելի ինֆորմացիա, իրականացնել պետական բյուջեի արդյունավետ մշտադիտարկում և նպաստել Հայաստանի բյուջետային հատկացումների և ծախսերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացմանը:
Ծրագրի ենթադրամաշնորհային սխեման թույլ կտա 10 ՔՀԿ-ներին համագործակցել պետական կառավարման մարմինների հետ՝ պետական բյուջեի միջոցների պլանավորման և/կամ ծախսման առավել արդյունավետ ուղիների մշակման նպատակով և այդպիսով դրական ազդեցություն ունենալ Հայաստանի հասարակության տնտեսական և սոցիալական բարօրության վրա: