Ի՞նչ եղանակով ընդունել ժառանգությունը

Անձը կարող է ժառանգությունն ընդունել երկու եղանակով.

 

Առաջին` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

 

Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:

 

Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:

 

Երկրորդ` ժառանգական զանգվածը փաստացի տիրապետելու միջոցով:

 

Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

 

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

 

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

 

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

 

Հ.Գ. Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել