Կարելի՞ է անվավեր ճանաչել բարենպաստ վարչական ակտը

Բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:

 

Այս սահմանումից կարելի է ենթադրել, որ վարչական ակտի հասցեատերը չպետք է շահագրգռված լինի բարենպաստ վարչական ակտն անվավեր ճանաչելու հարցում, սակայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ «Բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր ճանաչվելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը, վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետևանքով դրանք չեն կարող վերադարձվել, կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառվել օգուտ ստացողին»:

 

«Վերը նշված հոդվածը նախատեսում է բարենպաստ վարչական ակտն անվավեր ճանաչելու հնարավորություն, իսկ ինչպես հայտնի է, վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

Սակայն Վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է միայն միջամտող վարչական ակտի՝ դատական կարգով վիճարկման ընթացակարգ, և նույնիսկ առկա է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում բարենպաստ վարչական ակտը վիճարկելու հնարավորություն, այդ վեճը ընդդատյա չէ վարչական դատարանին, հետևաբար՝ գործի վարույթը ենթակա է կարճման (ՎԴ/4118/05/09): Եվ այս պարագայում է, որ հարցականի տակ է դրվում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:»- Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել