Վճիռը կայացնում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը

Ինչպես նշել ենք ավելի վաղ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրական ցուցակներում ճշտելու իր անվան առկայությունը, իսկ անճշտություններ հայտնաբերելու դեպքում՝ դիմելու իրավասու մարմիններին:

 

Մասնավորապես՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու Ոստիկանություն: Վերջինս դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, Ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

 

Քվեարկության օրվան նախորդող 4 օրվա ընթացքում` մինչև քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դիմում ներկայացնելու Ոստիկանությանը: Ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին Ոստիկանության տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` օրենսգրքով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:

 

Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացման և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Դատարանը ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ վճիռը կայացնում է դիմումը ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում: Դատարանը ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վճիռը կայացնում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռն իրականացնում է Ոստիկանությունը: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին վճռի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով: Ընտրողների ռեգիստրը ճշգրտելու նպատակով դատարանները ընտրողների ցուցակներում ընտրողներին ընդգրկելու վերաբերյալ վճռի պատճենը ուղարկում են Ոստիկանությանը` նաև ընտրողների ռեգիստրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

 

Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում (այդ թվում` լրացուցիչ ցուցակներում), բացառությամբ քվեարկության օրը ընտրական տեղամասում տառասխալների և տեխնիկական վրիպակների ուղղման, ինչպես նաև սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակ կազմելու դեպքի:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել