Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284 հոդվածի 1-ին կետի` անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ անձի նամակագրությունը հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները կարելի է լսել առանց դատարանի թույլտվության, եթե խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել:
«Նկատի ունենալով, նշված քրեադատավարական նորմով խախտվում էին անձի` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, ՀՀ Սահմանադրական դատարանն իրավացիորեն հակասահմանադրական է ճանաչել նշված նորմը»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
23.11.2010թ. ՍԴՈ-926 որոշմամբ մասնավորապես պարզաբանվում է, որ Առաջին, նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրությամբ անձի համաձայնությամբ նրա հեռախոսային և այլ հաղորդումները լսելն իրականացվում է միայն պաշտպանվող անձի պարագայում, չի բացառվում, որ հիշյալ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունն օգտագործվելու է համաձայնություն տված անձի ընդդիմախոսի դեմ, որի` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով սահմանված իրավունքներն այս պարագայում կարող են խախտվել: Արդյունքում, միևնույն իրավական գործիքը կարող է մի դեպքում օգտագործվել որպես իրավական պաշտպանության միջոց, մեկ այլ դեպքում հանդես գալ որպես մարդու իրավունքների խախտման կամ ոչ իրավաչափ սահմանափակման միջոց:
Երկրորդ, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «…4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»: Այս նորմը ենթադրում է, որ հիշյալ միջոցառումները պետք է կիրառվեն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և միայն այն պարագայում, երբ պետական իշխանության մարմինների համար անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու այլընտրանքային տարբերակը բացակայում է: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում նշված երկու նախապայմանների առկայության կամ բացակայության հարցը ենթակա է գնահատման, ինչը կարող է կատարվել միայն դատական վերահսկողության շրջանակներում:
Երրորդ, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների սահմանափակման համար անհրաժեշտ երեք նախապայմաններից, այն է` «օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ», ՀՀ Սահմանադրությամբ որևէ բացառություն չի նախատեսվում:
Աղբյուրը` Իրավաբան.net