Եվրոպական միության մաքսային միության ձևավորումը

Խոսենք եվրոպական պետությունների համագործակցության արդյունք հանդիսացող այնպիսի խոշորագույն կառույցի մասին, որպիսին է Եվրոպական միությունը, մասնավորապես քննարկենք վերջինիս մաքսային միության ձևավորումը:

 

Այսպես՝ Եվրոպական պողպատի և ածխի ընկերակցության հիմնադրման մասին 1951թ. պայմանագիրը դարձավ առաջին իրավական ակտը անդամ-պետությունների մաքսային-սակագնային հարաբերություններում: Պայմանագրի 4-րդ հոդվածը արգելում էր ընկերակցության շրջանակներում ներմուծման և արտահանման սակագները, դրանց համարժեք վճարները, ինչպես նաև ապրանքների տեղափոխման քանակական սահմանափակումները:

 

«Հետագայում` 1957թ. Հռոմի պայմանագրի 9-րդ հոդվածի համաձայն` Ընկերակցության հիմքը հանդիսանում է մաքսային միությունը, որը ընդգրկում է ապրանքների ողջ առուծախը և նախատեսում է ներմուծման և արտահանման մաքսային տուրքերի և այլ ցանկացած վճարների արգելքը անդամ-պետությունների միջև հարաբերություններում, նաև նախատեսվում է ընդհանուր մաքսային սակագին երրորդ պետությունների հետ հարաբերություններում»,-նշում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

 

Իրավաբանի փոխանցմամբ՝ 1986թ. Միասնական եվրոպական ակտը զգալի փոփոխություններ մտցրեց ընկերակցություների հիմնադիր պայմանագրերում: Եվրոպական տնտեսական ընկերակցության մասին պայմանագիրը լրացվեց 8ա հոդվածով, որով նախատեսվեց Ընկերակցության ներքին շուկայի աստիճանական ստեղծում:

 

Ներքին շուկան իրենից ներկայացնում է առանց ներքին սահմանների տարածք, որում ապահովվում է ապրանքների, կապիտալի, ծառայությունների, անձանց ազատ տեղաշարժ և հանդիսանում է տնտեսական ինտեգրացիայի ավելի բարձր ձև ընդհանուր շուկայի համեմատությամբ:

 

Եվրոպական ինտեգրացիոն գործընթացի զարգացման հաջորդ կարևոր փուլը հանդիսացավ Մաաստրիխտի պայմանագիրը 1992թ.` Ընկերակցության «Ընդհանուր առևտրային քաղաքականությունը» վերտառությամբ: Դրանով զգալի սահմանափակումների ենթարկվեցին անդամ-պետությունների իրավունքները` լրացուցիչ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու հարցում. դրանք կարող էին կատարվել միայն Հանձնաժողովի նախնական համաձայնությամբ: Մաաստրիխտի պայմանագիրը դրույթներ մտցրեց մաքսային համագործակցության վերաբերյալ, տարբեր, այդ թվում մաքսային հանցագործությունների դեմ պայքարելու վերաբերյալ:

 

Ինչպես նշում է Սերինե Խաչատրյանը՝ Նիսի պայմանագիրը իրավական հիմք դրեց Եվրոպական միության հետագա ընդլայնման համար: Դա իր ետևից բերեց ԵՄ մաքսային սահմանների ընդլայնման, փոփոխություններ մտցրեց Միության մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում և լուրջ սահմանագծումներ դրեց երրորդ պետություների հետ ԵՄ առևտրային և մաքսային հարաբերություններում:

 

Հետագայում՝ 1992թ. ընդունվեց ԵՄ Մաքսային օրենսգիրքը, որի մասին կխոսենք առանձին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել