Մինչև 19-րդ դարի կեսերը ռեստորաններում հաճախորդի պատվիրած բոլոր ուտեստները մատուցում էին միաժամանակ: Սպասարկման նման մեթոդը կոչվում էր «service à la française» (ֆրանսիական սպասարկում):
19-րդ դարում Ֆրանսիա այցելած ռուս իշխան Ալեքսանդր Կուրակինը սովորեցրեց ռեստորանային գործի մասնագետներին այլ մեթոդ` մատուցել պատվիրված ճաշատեսակները հերթականությամբ:
Նշված մեթոդն այսօր առավել ընդունված և տարածված է, որը կոչվում է «service à la russe» (ռուսական սպասարկում):
Հայաստանի Հանրապետությունում նույնպես առավել տարածված է ռուսական սպասարկումը:
Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:
«Անկախ սպասարկման մեթոդից, հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս փոխանցմամբ` բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:
Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վաճառքը:
Ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը:
Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:
Աղբյուրը` Իրավաբան.net