Այսօր Երևանի համար 64 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Անաիդա Շահնազարյանի կողմից շուրջ 12 միլիոն դրամի յուրացման գործով դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպան Անժելա Հոբոսյանի բացակայության պատաճռով։ Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:
Դատարանը գրություն էր ստացել Անժելա Հոբոսյանից, որով նա մասնավորապես հաղորդում էր.«Հարգելի պարոն Գրգիորյան, քրեական գործով ամբաստանյալ Անաիդա Շահնազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական քննությունը նշանակել եք 18.12.2017թվականին:Հայտնում եմ, որ «Փաստաբանների պալատի» նախագահի հրամանով 11.12.2017թվականից մինչև 25.12.2017թվականը գտնվելու եմ հերթական արձակուրդի մեջ: Խնդրում եմ դատական նիստը հետաձգել, նշանակել մեկ այլ օր: Նպատակահարմար է՝ տոներից հետո»:
Պաշտպանը կից ուղարկել էր հրամանի պատճեն,որը տրված էր 2017 թվականի նոյեմբերի 24-ի ամսաթվով ՀՀ «Փաստաբանների պալատի» նախագահ Զոհրաբյանի կողմից:
Չնայած, որ Անաիդա Շահնազարյանը դեռ դատարան հասնելու ճանապարհին էր, այդուամենայնիվ՝ դատարանը հիմք ընունելով Անժելա Հոբոսյանի գրությունը, հետաձգեց դատական նիստը և հաջորդ նիստի օր նշանակեց 2018 թվականի հունվարի վերջին:
Այս գործով երկրորդ ամբաստանյալ Քնարիկ Մալխասյանին, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դիմել է տնօրենին ու խնդրել դպրոցում որպես աշխատող գրանցել իր որդուն, եղբորը և եղբորորդուն՝ նրանց անվամբ աշխատավարձերի և պարտադիր այլ վճարների գումարները ելքագրելու և դրանք անձամբ տնօրինելու ակնկալիքով, դատարանին հաղորդեց, որ Անաիդա Շահնազարյանը գտնվում է առողջական անկայուն վիճակում:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Քնարիկ Մալխասյանն ասաց, որ ինքը շատ է նեղվում այսպիսի վիճակում հայտնվելու համար: Ասաց, որ այս պահին աշխատանք ունի: Աշխատում է դպրոցում որպես մաքրուհի, և բոլորն իրենից գոհ են. «Ես չհասկացա, թե ինչու գործը հասավ դատարան: Ես միշտ լավ եմ աշխատել: Այն դպրոցում, որտեղ այս պահին աշխատում եմ և աշխատանքից եմ դուրս եկել, որ մասնակցեմ դատական նիստին, ինձնից գոհ են: Նույնիսկ երկու օր առաջ անցնող մարդիկ ասացին, որ շատ մաքուր եմ պահում տարածքն ու բարեխիղճ եմ աշխատում»:
Հիշեցնենք, որ Երևանի համար 64 դպրոցի նախկին պահակ Քնարիկ Մալխասյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի համարում:
Իրավաբան.net-ի հետ հեռախոսազրույցում Անաիդա Շահնազարյանն ասաց, որ դեռ ամբողջպաես չի ապաքինվել ինֆարկտից հետո. «Ինձ մոտ միայն սրտի ստենտավորման խնդիր չէ: Այս ամբողջ երեք տարվա ընթացքում հետապնդման եմ ենթարկվել և այդ հոգեվիճակից շաքարս է նաև բարձրացել ու այս պահին շատ բարձր է: Այն պահից սկսած, երբ ինձ վրա քրեական գործ հարուցվեց, միայն այդքանից հետո իմ անձի հանդեպ հետապնդումները դադարեցվեցին: Առանց ամաչելու դատարան են գնում ու սուտ վկայություններ են տալիս իմ հասցեին: Ես միայն չեմ հասկանում, թե ինչու՞ քաղաքապետարանից մի տեսուչ չեկավ ու չասաց, որ ես ինչ-որ մի հարցում թերացե՞լ եմ: Ասացին, որ թեժ գիծ բողոք են ստացել, թե, իբր, ես դպրոցում դրամահավաքության կոչեր եմ արել, բայց, թե ովքեր են զանգել ու բողոքել, այդ մասին ինձ ոչինչ չեն հաղորդում: Ես ամբողջ իմ աշխատանքը գերազանց եմ կատարել, և բոլորը գոհ էին ինձնից: Անգամ աշակերտների ծնողներն են պաշտպանել ինձ և հայտնել են, որ ես ոչ մի վատ արարք չեմ արել, դրամահավաք կազմակերպելու կոչեր չեմ արել»,-նշեց նա:
Անաիդա Շահնազարյանը հաղորդեց նաև, որ դպրոցում աշխատելու տարիներին շատ դժվար է եղել իր համար: Ունեցել է հիվանդ սկեսուր, իսկ ամուսինը մահացել է 1997թվականին. «Այդ ամբողջ ծանրությունն իմ ուսերին էր. երեխա եմ մեծացրել միայնակ, հիվանդ սկեսուր եմ խնամել, ես ինչպե՞ս կարող էի ինձ վատ արարք թույլ տալ…,- Նա հուզվեց, և դադարից հետո շարունակեց,- Այդ մեղադրանքը, որ առաջադրել են, ես ինձ մեղավոր չեմ համարում: Կանչում են դպրոցի հաշվապահին, որը սուտ ցուցմունքներ է տալիս, կանչում են դպորցի պահակին, որը նույնպես սուտ ցուցմունքներ է տալիս: Ես գերազանց եմ ստացել իմ աշխատանքում: Ստացվում է, որ ով ազնիվ է և նվիրված կրթությանը, դատում են…»:
Անաիդա Շահնազարյանի հետ զրույցը ընդհատեցինք՝ նրա խիստ հուզված լինելու պատճառով։
Հիշեցնենք, որ Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մինչ 02.03.2015 թվականը զբաղեցնելով Երևանի թիվ 64 հիմնական դպրոց ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործելով, նույն դպրոցի տարբեր ազատ հաստիքներում 2009-2015թվականների ընթացքում գրանցելով 12 քաղաքացի, և վերջինների կողմից աշխատանքի վայր փաստացի չհաճախելու պայմաններում, նրանց անվամբ բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 12.003.240 ՀՀ դրամ աշխատավարձների և այլ պարտադիր վճարների գումարներ:
Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարում՝ մեղադրող Հակոբ Ենոքյանը
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net