Երևանի Նուբարաշեն համայնքում գտնվող 64 դպրոցի նախկին տնօրեն Անաիդա Շահնազարյանն ամբաստանյալի աթոռին է: Համաձայն մեղադրանքի՝ նա 2009-2015 թվականների ընթացքում 12 քաղաքացիների որպես աշխատակից է ձևակերպել և նրանց կողմից աշխատանքի վայր փաստացի չհաճախելու պայմաններում, նրանց անունով բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 12 միլիոն դրամ աշխատավարձների և այլ պարտադիր վճարների գումարներ:
Այս գործով ամբաստանվում է նաև դպրոցի նախկին պահակը՝ Քնարիկ Մալխասյանը: Համաձայն մեղադրանքի՝ նա մտերիմ է եղել է տնօրենի հետ և խնդրել է որպես դպրոցի աշխատակից գրանցել իր որդուն, եղբորը, եղբոր որդուն՝ նրանց կողմից ստացվելիք աշխատավարձերը անձամ տնօրինելու ակնկալիքով:
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատավարությունը, որպես վկա հարցաքննվեցին դպրոցի աշխատակիցներ:
2007 թվականից դպրոցում անգլերենի ուսուցչուհին դատարանին պատմեց, որ տնօրենն իրեն խնդրել է իր մոր աշխատանքային գրքույկը տալ, ասելով, թե «իրեն ստաժ կգրեմ, քեզ էլ ավել գումար կտամ»: Տնօրենն ասել է նաև, որ «պորֆմիության» կողմից ամեն տարի աշխատողներին տրվող նվերներ էլ կստանան: Վկայի խոսքով, մայրը որպես դռնապան է գրանցված եղել դպրոցում շուրջ 1,5 տարի: Եվ «աշխատելու» ողջ ընթացքում նույնիսկ դպրոցի տեղը չի իմացել:
Նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը նշեց, որ իր մայրը արդեն իսկ ցուցմունք է տվել և հայտնի է, որ իր անունով 963 հազար դրամ է ելքագրվել, և հարց տվեց, թե արդյո՞ք այս գումարից ինքը բաժին ունեցել է: Վկան պատասխանեց, որ «10 դրամ» էլ չի ստացել:
Մեղադրող դատախազի հարցերը գլխավորապես վերաբերում էին նրան, թե որպես աշխատող գրանցված 12 անձանից որևէ մեկին ճանաչում է նա, թե՝ ոչ: Նշված անուններից նշեց, որ միայն Քնարիկի որդուն՝ Դավիթին է տեսել աշխատելիս, մյուսներին՝ ոչ: Դավիթը գիշերային պահակ է եղել: Գիտի նաև, որ Սոնան տնօրենի հարսն է:
Անաիդա Շահնազարյանը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ այս վկայի հետ միասին վարկային գիծ են ունեցել և ինքը որոշ ժամանակ նրա փոխարեն վարկ է մարել: Եվ այն, թե ինքն է ուսուցչուհուն խնդրել, որ մոր գրքույկը բերի, իրականությանը չի համապատասխանում:
2006 թվականից դպրոցում ուսումնական գծով փոխտնօրեն աշխատող վկան հայտնեց, որ Քնարիկն ու Դավիթը պահակ են աշխատել: Քնարիկի եղբոր որդին՝ Գուրգենը հիմնականում զոդման աշխատանքներ է արել դպրոցում, Կարապետը էքսկուրսավար է եղել: Տնօրենի հարսը՝ Սոնան, մի քանի օր է եկել աշխատանքի, այնուհետև չի եկել, որովհետև կամ հղի է եղել կամ երեխան է հիվանդացել (հստակ չէր հիշում):
Փոխտնօրենը հայտնեց, որ Անաիդա Շահնազարյանի օրոք դպրոցի հեղինակությունը բարձրացել է, մի շարք խոշոր աշխատանքներ են կատարվել՝ կտուրն է հիմնանորոգվել, ջեռուցման հարցն է լուծվել:
Դատարանի այն հարցին, թե տեղություն ունի՝ արդյոք Շահնազարյանը ֆինանսական խնդիրներ ունեցել է, վկան հայտնեց՝ ոչ:
Մյուս վկան դպրոցի տնտվեսարն էր ու տեխնոլոգիայի ուսուցչուհին: Ի դեպ, դատավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ հնարավոր ընդհանրություն ունեն իր երկու աշխատանքները: Եվ այսպիսի հետաքրքիր զրույց ստացվեց.
Դատավոր- Ի՞նչ ընդհանրություններ կան, որ համատեղում եք:
Վկա- Դե ես հիմնականում կահույքն են սարքում. ծանոթ եմ էդ գործերին , թեկուզ սեղան սարքելու գործը , «շուռուբ» ձգելու, տարբեր հարցերով, աշակերտների հետ դասերի ժամին… Դե ամեն դեպքում տարբեր են, համեմատելու չի…
Դատավոր- Ես էլ եմ էդպես գտնում:
Վկա- Դե ժամերը շատ քիչ են, 8 ժամ …
Դատավոր- Գումարի՞ համար…
Վկա- Հա…
Այս վկան գործի վերաբերյալ նույնաբովանդակ ցուցմունք տվեց, ինչ փոխտնօրենը:
Այսօր քննվող չորրոդ վկան ամբաստնյալ Քնարիկ Մալխասյանի եղբոր որդին էր, ով ներկայումս ոստիկանությունում է աշխատում: Նա հայտնեց, որ ցանկություն ունեցել է աշխատել դպրոցում, սակայն այդ ընթացքում կարողացել է այլ աշխատանք գտնել՝ բեռնատար մեքենա է վարել: Այնուհետև երբ արդեն ոստիկանությունում աշխատանքի ընդունվելիս է եղել, այդ ժամանակ է միայն պարզել, որ աշխատանքային գրքույկը դպրոցում է: Դպրոցում իր «աշխատելու» մասին տեղյակ չի եղել և իր անունով ելքագրված շուրջ 1 միլիոն դրամից գեթ մեկ լումա չի ստացել: