Վանաձորի ՀՎԿ խմբակցությունը վճռականորեն դատապարտում է «Լուսավոր Հայաստան » կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունները ՀՎԿ-ՀՀԿ տեղական կառույցների միջև նոյեմբերի 19-ին ստորագրված հայտարարության առնչությամբ։
Այս մասին հայտարարել է Վանաձորի ՀՎԿ խմբակցության ղեկավար Կարեն Դավթյանը:
Ավելի քան 1 տարի շարունակ Մարուքյանն իր եղբոր սեփական շահերը սպասարկելու նպատակով, օգտագործելով իր ազդեցության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցների, սպառնալիքներով և շանտաժով անձնական- «քաղաքական» գործընթաց է նախաձեռնել ՝ նպատակ հետապնդելով բացառապես լուծել անձնական ու ազգակցական խնդիրներ։
Այսօր՝ ավելի քան մեկ տարի անց, հայտնի քվեարկությունից հետո,երբ ՀՎԿ խմբակցությունն իր պատգամավորներով սատարեց Քրիստ Մարուքյանին, ոչ միայն քաղաքական գործընկերություն, այլև տարրական մարդկային երախտագիտության դրսևորում չցուցաբերվեց վերջիններիս կողմից, այլ ընդհակառակը՝ իր ազդեցության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների կողմից, որտեղ տաքուկ տեղավորվել են իրենց ազգականները, պարբերաբար շահարկեցին , որ ձեռք բերված քաղաքական համաձայնության խախտողները հենց ՀՎԿ խմբակցության անդամներն են եղել՝ երկու եղբայրներով պարբերաբար «ինտերվյուներ տալով»։ Նման գործելաոճը դատապարտելի է և քաղաքական, և բարոյական առումով։ Այսօր էլ, մեկ տարի անց շարունակվում է նույն ցինիկ, շանտաժով լեցուն , կեղծ և լկտի գործելաոճը։ Իշխանության ջանքերով դեռևս նախորդ խորհրդարանում հայտնված, ապա նույն իշխանության ջանքերով այս գումարման խորհրդարան մտած այդ կուսակցության ներկայացուցիչները գառան դիմակով «գայլուկներ» են դարձել՝ իրենց հայտարարելով Վանաձորի «ընդդիմադիրներ»՝ չմոռանալով իրենց ազգականներին տեղավորել ՀՀԿ ավագանու ցուցակներում։ ՀՎԿ ավագանու խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը և հայտարարում, որ խմբակցությունը միշտ գործել է բաց, շիտակ և հրապարակային։
Մեկ տարի առաջ խմբակցությունը քվեարկել է միաձայն ՝ համաձայն ստորագրված հուշագրի, մինչդեռ, իրենց իսկ խոսքով դավաճաններին, լավ կլինի իրենք փնտրեն իրենց շարքերում։ Վստահ ենք, որ առաջիկա քաղաքական գործընթացները կբացահայտեն դա։
Այսօր, մեկ տարի անց, երբ կազմալուծվել է Վանաձոր քաղաքի բնականոն գործունեությունը և անտեսվել են Վանաձորի բնակիչների խնդիրները, քաղաքում ձևավորվել է անառողջ մթնոլորտ ,մենք՝ վանաձորցիների ավելի քան 20 տոկոս քվեն ստացած ավագանիներս, չենք կարող պրիմիտիվ քաղաքական շանտաժի հետևանքով հրաժարվել մեր քաղաքացիներին տրված խոստումներից և շարունակել այս անորոշ և երերուն գործընթացը։ Մենք գնում ենք մեր նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու ու վանաձորցիներին տրված խոստումները կատարելու՝ ստանձնելով Վանաձորի կառավարման համատեղ պատասխանատվությունը՝ մշտապես լինելով բաց, թափանցիկ և հաշվետու հասարակության առջև։