Այսօր Կառավարության նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում է տոհմային կենդանի խոզերի իրացումը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ազատել ավելացված արժեքի հարկից:
Սակայն Կառավարության դիրքորոշման համաձայն` «Նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության սկզբունքներից և Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորություններից:
Ավելացված արժեքի հարկի համակարգում ցանկացած արտոնության կիրառություն խաթարում է ավելացված արժեքի հարկով հարկման համակարգի ամբողջականությունը և ստեղծում է հարկումից խուսափելու ռիսկեր, որոնց արդյունավետ կառավարումը լուրջ մարտահրավեր է դառնում հարկային վարչարարություն իրականացնող մարմինների համար:
Մասնավորապես, այս համատեքստում անհասկանալի է, թե ինչպես տոհմային կենդանի խոզեր իրացնողը պետք է հիմնավորի, որ տվյալ այդ կենդանիներն իրացվել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կամ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին:
Բացի այդ, եթե տոհմային կենդանի խոզերի իրացումից հետո պարզվի, որ դրանց գնորդը համարվում է, օրինակ, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ապա կստացվի, որ նշյալ կենդանիների իրացման գործարքների մասով արդեն իսկ կիրառված` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը եղել է ոչ իրավաչափ, ինչը կրկին խնդիրներ կստեղծի ինչպես այդ կենդանիներն իրացնողի, այնպես էլ հարկային մարմինների համար:»:
Կառավարությունն անպատակահարմար համարեց նշված նախագծի ընդունումը:
Աղբյուրը` Իրավաբան.net