Ծնողները հաճախ ստիպված են երեխաներին մանկատուն բերում. սոցաշխատող

2 տարեկան Նարեն մանկատանն է հայտնվել, երբ  դեռ 9-ը տարեկան էր: Ծնողները մինչև հիմա երեխայից չեն հրաժարվել: Իրավաբան.net-ի հետ զրույցում «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նշում են, որ երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, ինչի պատճառով էլ մայրը նրան թողել է մանկատանը:

«Մայրը աշխատանք չի ունեցել, իր խնամքի տակ ևս մեկ երեխա է ունեցել: Սկզբում որոշել էր ժամանակավոր հանձնել մանկատուն, սակայն բոլորովին վերջերս եկավ, մենք բացատրեցինք, որ եթե երեխան ունի անգամ 1 տոկոս շանս որդեգրվելու, հաստատությունից դուրս՝ ընտանիքում ապրելու, ապա ճիշտ կլինի օգտագործել այդ հնարավորությունը: Մայրը չառարկեց»,-նշում է մանկատան սոցաշխատողը՝ Լիաննա Մանվելյանը՝ հավելելով, որ պետք է երեխայի հոր հետ էլ զրուցել, որպեսզի փոքրիկ Նարեի կարգավիճակը վերջնականապես հստակեցվի:

Նրա խոսքով՝ քիչ են լինում, երբ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին որդեգրում են, սակայն նրանք դեպք ունեն, երբ երկու երեխա որդեգրվել է նույն ընտանիք, որոնցից մեկը տեսողական խնդիրներ է ունեցել, իսկ մյուսը հենաշարժական համակարգի խանգարում:

«Յուրաքանչյուր դեպք շատ անհատական է, և երբ լսում ենք ծնողին, ապա չենք կարող նրանց մեղադրել: Ունենալով ընտանիքում էլի բալիկներ, արդյունքում ամբողջ ուշադրությունը սևեռվում է հիվանդ երեխայի վրա, և առողջները տուժում են: Լինում են նաև անախորժ դեպքեր ամուսինների միջև: Իրար են մեղադրում երեխայի առողջական վիճակի համար»,-նշում է Լիաննա Մանվելյանը ու հավելում, որ զրույցի ընթացքում ծնողի դրության մեջ չմտնելը անհնար է:

Սոցաշխատողը նշում է, որ սակայն ծնողին հասկանալը դեռ չի նշանակում, որ խրախուսում են նարանց այս քայլը, քանի որ ինչ էլ լինի, միևնույն է, ծնողը պարտավոր է հոգ տանել իր երեխայի մասին:

Հաստատությունում շատ երեխաներ կան մարզերից, քանի որ, Երևանից բացի, այլ տեղում երեխայի խնամքը, բուժումը կազմակերպելն ավելի բարդ է: Ծնողները այլընտրանք չունենալով են երեխային բերում մանկատուն:

Մանկատունն ունի վերականգնողական կենտրոն, մասնագետներ և դեպքեր են գրանցվել, երբ երեխայի մոտ դրական տեղաշարժ զգալով ծնողները նրան վերցրել են մանկատնից:

«Շատ ծնողներ անհամբեր սպասում են, թե երբ է իրենց երեխայի մոտ դրական տեղաշարժ գրանցվելու, որպեսզի նրան վերցնեն ընտանիք», -նշում է մանկատան սոցաշխատող Ռիտա Հովհաննիսյանը:

Աշխտանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը նշում է, որ մասնագիտացված մանկատներում հայտնված և չորդեգրված երեխաները ցմահ մնում են պետության հոգածության ներքո:

Իսկ չափահաս դառնալուց հետո նրանք տեղափոխվում են այլ հաստատություններ:

Հ.Գ. Երեխայի անունը փոխված է

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել