Դատարանը գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության`
1) երբ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից թույլ է տրված քրեադատավարական օրենքի էական խախտում, եթե դա չի կարող վերացվել դատական քննության ընթացքում.
2) մեղադրողի միջնորդությամբ` երբ առկա են մեղադրանքը ավելի ծանր կամ փաստականհանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր:
Վերոնշյալ դրույթը 24.07.2007 ՍԴ Ո-710 որոշմամբ ճանաչվել է սահմանադրությանը հակասող և անվավեր, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի առաջին մասին, այն է՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«ՀՀ քր.դատ.օր.-ով նախատեսված կարգով գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով` դատարանը դուրս է գալիս դատավարությունում անկողմնակալ իր դերի շրջանակներից և ուղղորդում է լրացուցիչ նախաքննության ընթացքը` իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ: Դատարանը նաև կողմերի միջև հավասարության նժարը խախտում է ի շահ մեղադրանքի կողմի, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասում ամրագրված` անձի դատական և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Իրավաբանի խոսքով` քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի նման ձևով կիրառումը պարունակում է նաև արդար դատաքննության տարրերից մեկի` դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու պահանջի խախտման վտանգ:
Քրեական գործի լուծման ձգձգումն ընդհանրապես բացասաբար է անդրադառնում մեղադրյալի, ինչպես նաև տուժողի վրա: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ավելի վտանգավոր է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումն այն դեպքում, երբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Աղբյուր՝ Իրավաբան.net