«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունն այսօր նշում էր իր վերափոխված ինտերնետային կայքէջի շնորհանդեսը:
.
Իրենց առջև դրված խնդիրներից է եղել բարելավվել կայքը, ավտովարորդներին թեժ հեռախոսահամարով և կայքով տրամադրել խորհրդատվություն, պաշտպանել նրանց պետական մարմիններում և դատական համակարգում:
.
«Աքիլլես» կազմակերպության գործունեությանը ես միշտ կողմ եմ, որովհետև դա միայն ու միայն մեր վարորդների օգտին է, մեր վարորդների իրավունքներն են պաշտպանվում»,- Իրավաբան.net-ին հայտնեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
.
«Աքիլլես» ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ` վարչական դատարան է ներկայացվել ավելի քան 150 դատական գործեր: 93-ը վերաբերել է տեսուչների կողմից արձանագրած խախտումներին, 56-ը` Ռուբինյանց փողոցում տեսախցիկի արձանագրած իրավախախտումներին: 34 գործ հօգուտ վարորդների է լուծվել: Իսկ պատկան մարմիններ դիմում-բողոքներ գրելուն օգնել են ՀԿ-ի իրավաբանները:
.
Կայքի շնորհանդեսին ժամանակ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը կարևորեց իրազեկ քաղաքացի ունենալու հետ մեկտեղ նաև կարգապահ վարորդ ունենալը:
.
«Մենք խնդիր ունենք, երբ վարորդներ իրենք են միտումնավոր խախտում կանոնները և կարգազանց վարորդներ ունենք»,- ասաց Կարեն Զադոյանը:
.
Ըստ նրա` մեծ խնդիր է նաև առանց լուսացույցների անցումներից հետիոտների օգտվելը:
.
Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկ Սարգսյանին կայքի շնորհանդեսին հրավիրված հյուրերը բազմաթիվ հարցեր ունեին:
.
«Խախտումներն արձանագրող տեսախցիկներով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ տուգանվե˚լ են: Եղե˚լ է այնպես, որ իրենց մեքենաները նկարահանվեն խախտման պահին, իրենք էլ տուգանվեն»,- հարցրեց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը:
.
«Այո: Իսկ եթե դուք հաջորդ հարցը տաք, թե քանի անձ այս կատեգորիայի կամ այն, ես չեմ պատասխանի, որովհետև մենք չենք տեսակավորում մարդկանց; Այդպիսի վիճակագրություն ընդունելի չէ ոչ մի տեղ»,- պատասխանեց Հայկ Սարգսյանը:
.
Հարցերը բազմաթիվ էին, բարձրաձայնվող խնդիրներից շատերը` օրակարգային: Հայկ Սարգսյանը հորդորեց բոլոր խնդիրների մասին տեղեկացնել նաև գրավոր:
.
«Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց համար ակնհայտ է` ճանապարհային ոստիկանությունն աշխատանք կատարում է. իրենց ուղարկած դիմում- բողոքները գրեթե միշտ ստանում են պատասխան: Խնդիրներ կան օրենքներին տիրապետելու և դրանք մշտապես իրենց մոտ ունենալու ճանապարհային ոստիկանների աշխատանքում:
.
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net