2010 թ. հուլիսի 28-ին ԼՂՀ պաշտպանության բանակում սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների գանգատը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. օգոստոսի 28-ին վարույթ է ընդունել և իր հարցադրումները ներկայացրել կողմերին:
Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքը տեղի է ունեցել մարտական հենակետում, որտեղ ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը, տեսնելով, որ իր ենթակայության տակ գտնվող ժամկետային զինծառայողներ Ա. Սարգսյանն ու Կ. Այվազյանը մարտական հերթապահություն իրականացնելիս քնել են, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, հայհոյել և փորձել բռնություն կիրառել, սակայն վերջինը կանխվել է սպայական կազմի երկու ներկայացուցչի կողմից: Նրանք հորդորել են խնդրին անդրադառնալ հերթափոխից հետո:
Մարտական հենակետի գետնատնակում Վ. Թադևոսյանը մյուս զինծառայողների ներկայությամբ շարունակել է կշտամբանքներն ու հայհոյանքները և սկսել է ծեծել Ա. Սարգսյանին: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Կ. Այվազյանը, հասկանալով, որ նույնը իրեն է սպասվում, իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է հրամանատարին, ապա մյուս 4 ծառայակիցներին և ինքնասպան եղել:
Դեպքի առթիվ նույն օրը հարուցված քրեական գործը հանցագործություն կատարած անձանց մահվան հիմքով մեկ տարի անց կարճվել է: Իսկ քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշման դեմ տուժող կողմի բողոքները մերժվել են:
Նշենք, որ համաձայն փորձագիտական եզրակացության՝ սպանված զինծառայողների արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ: Ըստ փորձագետի՝ ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը ևս դեպքի պահին հարբած վիճակում է եղել:
Սպանված զինծառայողների մարմինների վրա, բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ, որոնց ուղղությամբ ևս վարույթն իրականացնող մարմինը քննություն չի իրականացրել:
Իսկ Կարո Այվազյանը, որը մեղադրվել է սպանությունները կատարելու մեջ, զորակոչվելուց առաջ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ էլ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որից հետո արտաքսվել է ՀՀ: ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ վերջինիս արգելված է եղել զենք կրել և գտնվել այնպիսի վայրերում, որտեղ զենք կա: Սակայն դրա վերաբերյալ փաստաթղթի առկայությամբ նրան զորակոչել են:
Գանգատը 2013 թ.-ին ՄԻԵԴ են ներկայացրել սպանված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և Կազմակերպության իրավաբան Ա. Զալյանը: