ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ «Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով»։
.
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանի խոսքերով «Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը ծնողների և երեխաների միջև իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմք է դիտում օրենքով սահմանված կարգով կենդանության օրոք որպես երեխայի հայր հանդես գալու փաստը՝ սահմանելով երեխայի հայրության որոշման դատական կարգ: Ընդ որում, այդ դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ իր կենդանության ժամանակ հոր կողմից ընդունվել է երեխայի հայրության ճանաչման փաստը »:
.
ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1325/02/09 Քաղաքացիական գործով կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ գործի փաստերի (երեխայի ծնվելուց առաջ ծնողների համատեղ բնակվելը, ընդհանուր տնտեսություն վարելը, երեխային միասին դաստիարակելը և խնամելը, այլ անձանց մոտ ծնողների՝ որպես ամուսիններ հանդես գալը, հարևանների, բարեկամների մոտ, դպրոցում և բուժհաստատություններում ամուսնու կողմից որպես երեխայի հայր բացահայտ ներկայանալը) համադրության արդյունքում կարելի է փաստել, որ «ամուսինը» իր բոլոր գործողություններով՝ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք հիմք են տալիս արձանագրելու, որ նա փաստացի երեխայի նկատմամբ ճանաչել է հայրություն:
.
Փաստաբանը հայտնում է նաև, որ հայրության ճանաչման փաստը հաստատելու գործերը քննվում են իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար օրենքով սահմանված ընթացակարգով: Հայրության ճանաչման փաստը հաստատելու դիմումը տրվում է դիմողի գտնվելու վայրի դատարան:
.
Աղբյուրը` Իրավաբան.net