Քրեական դատավարության շրջանակներում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն իրականացնելու համար երբեմն անհրաժեշտություն է առաջանում կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառել դատավարական հատուկ բնույթի հարկադրանքի միջոցներ: Նման միջոցներից է պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը:
.
Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը թույլատրվում է կիրառել միայն հետևյալ պայմանների առկայության պարագայում.
.
1. կիրառվում է միայն կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ,
.
2. կարելի է ժամանակավորապես դադարեցնել միայն հանրային ծառայողի պաշտոնավարությունը (հանրային ծառայող է հանդիսանում պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձը),
.
3. պետք է բավարար հիմքեր լինեն ենթադրելու, որ պաշտոնում մնալով տվյալ անձը կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր որևէ գործունեությամբ,
.
4. պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը կիրառվում է միայն դատախազի կամ դատախազի համաձայնությամբ քննիչի որոշմամբ:
.
«Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է անձի աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին»,- նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը և հավելում, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
.
Աղբյուրը` Իրավաբան.net