Ընտրողների ցուցակի հրապարակման պահանջը սահմանված է Ընտրական օրենսգրքով: Ցուցակի հրապարակումը չափազանց կարևոր է, որպեսզի անձը ընտրություններից առաջ հնարավորություն ունենա տեղեկանալու` արդյո՞ք չի խախտվել իր ընտրելու իրավունքը, և իր անունը ընդգրկված է ընտրողների ցուցակում: .
Բացի այդ, անձը կարող է Հայաստանում չբնակվող իր հարազատների անունները ցուցակում ընդգրկված լինելու դեպքում տեղեկացնել Ոստիկանությանը, որպեսզի վերջիններիս անունները հանվեն ցուցակից: Դրանով քաղաքացին կնպաստի ընտրական գործընթացի բնականոն ընթացքին:
.
Եվ այսպես` Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:
.
Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:
.
Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր և 2 օր առաջ տեղադրում է համացանցում: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան դրանք ներբեռնելու հնարավորություն:
.
Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
.
Ընտրողների ցուցակի, այդ թվում` լրացուցիչ ցուցակների օրինակը, քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարման օրը:
.
Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասերում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:
.
Համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինն ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
.
Աղբյուրը` Իրավաբան.net