Ինչպե՞ս փոխել անունը

Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

.

Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:

.

Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:

.

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձը իր անվան փոխումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, բացառությամբ մինչև նրա` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:

.

Տասնվեց տարին չլրացած անձի անվան փոխումը, ինչպես նաև ծնողի` նրան շնորհած ազգանվան փոխումը կարող է կատարվել ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ: 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։

.

Անվան փոխումը ենթակա է ՔԿԱԳ մարմնում պետական գրանցման:

.

Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:

.

Անվան փոխման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել