Ինչ է իրենից ներկայացնում բնակելի տարածության օգտագործման իրավունքը և արդյոք այն հավասարեցվում է սեփականության իրավունքին:
.
Շատերի մոտ այն թյուր կարծիքն է ձևավորված, որ եթե որևէ մեկին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածության նկատմամբ ունես օգտագործման իրավունք, ապա որևէ մեկը չի կարող իրեն վտարել նշված տարածությունից:
.
«Նախ և առաջ պետք է նշել, որ դա թյուր կարծիք է, և օգտագործման իրավունքը ածանցված է սեփականության իրավունքից: Սեփականատերն ինքն է որոշում` տրամադրել իր բնակելի տարածությունը մեկ այլ անձի, թե` ոչ»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ կետի` բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:
.
Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):
.
«Կողմերը կարող են ցանկացած ժամանակ լուծել բնակելի տարածության օգտագործման մասին պայմանագիրը»,- նշում է իրավաբանը և հավելում, որ բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:
.
Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետևյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց և սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից և ոչ ավելի 9 քառակուսի մետրից:
.
Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար և տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
.
Աղբյուրը` Իրավաբան.net