Հանրության համար մեծ վտանգավորություն ունեն հանցակցությամբ կատարվող հանցագործությունները:
.
Նախ նշենք, որ հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը:
.
Եվ այսպես, համակատարողները` անձինք, ովքեր կատարել են հանցագործության օբյեկտիվ կողմը կամ դրա մի մասը, հանցագործության համար ենթակա են պատասխանատվության քրեական օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով:
.
Կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը ենթակա են պատասխանատվության կատարված հանցանքը նախատեսող հոդվածով՝ հղում կատարելով քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածին (հանցակիցների տեսակները), բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք միաժամանակ եղել են հանցագործության համակատարողներ:
.
Քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, ով մասնակցել է այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է պատասխանատվություն կրել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող:
.
Կատարողի կողմից իրենից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում հանցագործության նախապատրաստությանը կամ հանցափորձին հանցակցելու համար:
.
Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հաջողվում իրենցից անկախ հանգամանքներով, ապա այդ անձանց պատասխանատվությունը վրա է հասնում համապատասխան հանցագործության նախապատրաստության համար:
.
Հանցակիցները ենթակա են պատասխանատվության միայն հանցագործության այն ծանրացնող հանգամանքների համար, որոնք գիտակցվել են նրանց կողմից:
.
Հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը:
.
Աղբյուրը` Իրավաբան.net