Առաջին խորթ դստեր սպանությունը հաջող է անցնում, իսկ երկրորդինը՝ ձախողվում

Հանճարեղ Սըր Արթուր Կոնան Դոյլի գրչին պատկանող անզուգական հետախույզ Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեկում, որը կոչվում է «Խայտաբղետ ժապավեն», նկարագրվում է մի դեպք, երբ խորթ հայրը, ցանկանալով տիրանալ ժառանգությանը հավակնող խորթ դստրերի ունեցվածքին, տանը, որտեղ իրենք համատեղ բնակվում են, պատրաստում է գաղտնի անցք, որով բաց է թողնում թունավոր օձին:

.

Առաջին խորթ դստեր սպանությունը հաջող է անցնում, իսկ երկրորդինը ձախողվում է Շերլոկ Հոլմսի շնորհիվ, իսկ մարդասպանը դառնում է իր իսկ վարժեցրած օձի զոհը:

.
Հետաքրքիր է` ի՞նչ պատիժ կհասներ խորթ հորը, եթե նա կատարեր տվյալ հանցանքները Հայաստանի Հանրապետությունում մեր օրերում և կանգներ դատարանի առջև:

.
Առաջին դեպքում՝ խորթ դստեր սպանության համար խորթ հայրը կարող էր դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5 և 8 կետերով՝ առանձին դաժանությամբ և շահադիտական դրդումներով սպանության համար, ինչի համար նախատեսվում է տասներկուսից մինչև քսան տարի ժամկետով ազատազրկում, կամ ցմահ ազատազրկում:

.

Երկրորդ դեպքում, երբ սպանությունը կանխվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5 և 8 կետերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 հոդվածի՝ հանցափորձի համակցությամբ:

.
Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով: Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:

.
Այս դեպքում կա հանցանքների համակցություն: Քանի որ առաջին դստեր սպանությունը արդեն կարող է հանգեցնի խորթ հորը ցմահ ազատազրկման դատապարետելուն, և, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքը սահմանում է, որ, եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով, կարել է գալ այն եզրահանգման, որ տվյալ հանցագործությունները Հայաստանի Հանրապետությունում մեր օրերում կատարելու դեպքում դատարանը՝ հանցագործությունների համակցությամբ, կկայացներ խիստ և արդար դատավճիռ՝ ցմահ ազատազրկում:

.
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել