Այս կամ այն հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք, եթե նույնիսկ վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար, միևնույն է, չեն կարողանում գիտակցել իրենց գործողությունները և ղեկավարել դրանք:
.
.
Նման պայմաններում նշված մարդիկ ի զորու չեն տնօրինելու իրենց ֆինասական միջոցները, կնքելու գործարքներ և իրականացնելու օրենքով իրենց վերապահված այլ իրավունքներ և կրելու պարտականություններ:
.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31 հոդվածի` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
.
Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն: Անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:
.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մանրամասն կարգավորում է քաղաքացուն անգործունակ ճանաչելու կարգը և հետևանքները:
.
Այսպես.
.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168 հոդվածի` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումի հիման վրա:
.
Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են քաղաքացու հոգեկան խանգարման մասին, և որոնց հետևանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
.
Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացու բնակության վայրի` ընդհանուր իրավասության դատարան, իսկ եթե անձը բուժվում է հոգեբուժական հաստատությունում` նաև դրա գտնվելու վայրի դատարան:
.
Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:
.
Դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:
.
Որպես կանոն, դատարանը նշանակում է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն` պարզելու և հաստատելու համար անձի` հոգեկան հիվանդությամբ տառապելու փաստը:
.
Քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է խնամակալ:
.
Աղբյուրը` Իրավաբան.net