Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի` պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
.
«Դատարանը յուրաքանչյուր անգամ պետք է հաշվի առնի պատասխանողի` ծանուցումը ստանալու և դատական նիստին ներկայանալու ռեալ հնարավորությունները»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում, որ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը դատաքննության մասին ծանուցելու օրենսդրի տրամաբանությունը կայանում է նրանում, որ այս երկու սուբյեկտների ենթադրյալ կապը պատասխանող ֆիզիկական անձի հետ հնարավոր է և իրատեսական, և ողջամտորեն ենթադրելի է, որ այս սուբյեկտներից որևէ մեկը կարող է անձի համար տեղեկատվության աղբյուր հանդիսանալ դատաքննության մասին։
.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1- ին մասը կիրառելիս դատարանը պետք է ողջամտորեն գնահատի օրենսդրի այս կարգավորման նպատակի իրագործելիության հնարավորությունը` տվյալ գործի փաստերից ելնելով։
.
Նման գնահատման ողջամիտ չափորոշիչներ կարող են լինել, մասնավորապես`
.
1. համայնքի ղեկավարի և դրա բնակիչների համայնքային կապերի ակտիվության մակարդակը,
.
2. վերջին հայտնի աշխատավայրից անձի հեռանալու ժամկետը և այլ հանգամանքներ։
.
Աղբյուրը` Իրավաբան.net