Մարդու իրավունքների պաշտպանի քննարկմանը ենթակա բողոքները

Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ազգային հաստատությունների վերաբերյալ 1991թ.-ին հոկտեմբերին Փարիզում անցկացված միջազգային աշխատանքային հանդիպումից հետո մշակվեցին եզրափակիչ սկզբունքներ, որոնք 1992թ.-ի մարտին հաստատվեցին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովի, իսկ 1993թ.-ին դեկտեմբերին` նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից: Նշված եզրափակիչ դրույթները հայտնի են որպես «Փարիզյան սկզբունքներ», համաձայն որոնց` անկախ «ազգային հաստատությունը պետք է օժտված լինի մարդու իրավունքների խթանման և պաշտպանության լիազորությամբ և հնարավորինս լայն մանդատով, որը պետք է հստակորեն սահմանված լինի նրա կազմը և լիազորությունների շրջանակը ամրագրող սահմանադրական կամ օրենսդրական ակտում»:

.

Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հիմնադրվել է օրենքով, որն ստորագրվել է 2003 թվականի նոյեմբերի 15-ին, և ապա ուժի մեջ մտել 2004 թվականի հունվարի 1-ից: Որին զուգահեռ, դադարեց նաև ՀՀ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի գործունեությունը: Վերջինս գործում էր սկսած 1998 թվականի ապրիլից:

.
Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի` պաշտպանի քննարկմանը ենթակա բողոքներն են` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված` մարդու(այդ թվում` նաև քաղաքացու) իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները:

.
Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին: Նա կարող է տեղեկություններ պահանջել դատարաններից` կապված վերը նշված օրենքով սահմնված որոշ դրույթների կիրառելիության ապահովման հետ: Պաշտպանն իրավասու է դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն` դատարանի որոշման, վճռի կամ դատավճռի հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ:

.
Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև պետական այլ մարմինների նիստերին և ելույթ ունենալ, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ նիստերի քննարկմանը ներկայացնել այդ կամ դրանց ենթակա մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հարցեր:

.
Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել