Լավ է, երբ մարդիկ ոչ միայն ուրախանում են Երևան քաղաքում տեղի ունեցող դրական տեղաշարժերով, այլ նաև ցանկություն են հայտնում դրական փոփոխության անմիջական մասնակիցն ու կատարողը լինել` ի հակադրություն միշտ փնովելու կեցվածք ունեցող մարդկանց:
.
Այս տեսակետն արտահայտեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր` Նոտարական պալատի բարեկարգած պուրակի բացման ժամանակ:
.
Հայաստանի նոտարական պալատը Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում` 2200 քառակուսի մետր տարածքում, կատարել է բարեկարգում, տեղադրել է պալատի տարբերանշանով նստարաններ:
.
«Այն ինչ- որ տեսնում ենք այսօր, որ նոտարական հանրությունն է որոշել այս ամբողջին մասնակցի լինել, իր փոքրիկ լուման ներդնել և քաղաքի մի փոքրիկ հատվածն իր ուժերով գեղեկացնել, սա, անշուշտ, ուրախալի է և կարծում եմ` պետք է վարակիչ լինի»,- ասաց Արդարադատության նախարարը:
.
Պուրակում ծառ տնկեց Հրայր Թովմասյանը, Հայաստանի նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նոտարական պալատի նախագահ Մարիա Սազոնովան: Նա ելույթի ժամանակ նշեց, որ հաճախ պետք է գա Հայաստան իր տնկած ծառը ջրելու:
.
«Ձեր օրինակը կարծում ենք խթան կհանդիսանա հատկապես պետական կառավարման համակարգի շատ մարմինների համար: Եթե յուրաքանչյուրը մեր քաղաքում մեկ հատվածի մեջ իր էներգիան ներդնի և ապացուցի, նաև մեզ պարտավորեցնի, որ այս ամենը պետք է պահպանել ու խնամել, դա կլինի լավագույն օրինակը մեր մայրաքաղաքում»,- նկատեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
.
Պուրակի բարեկարգումն ու ապագայում կանաչապատումը բիզնես նպատակ չի հետապնդում: Նոտարական պալատն այս քայլով ցանկացել է էսթետիկական հաճույք պատճառել տարածքով զբոսնողներին:
.
«Թերևս առաջնայինության կարգով ոռոգման ցանցի հարցը լուծենք, նոր զբաղվենք խոտածածկույթով, որովհետև եթե հիմա խոտածածկույթը հենց այնպես` առանց ոռոգման ցանցի լիներ, չէր դիմանա ձմեռը»,- Իրավաբան.net-ին ասաց Մամիկոն Ասլանյանը:
Պուրակը մշտապես լինելու է Նոտարական պալատի հսկողության և ուշադրության կենտրոնում:
.
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net